Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հայաստանը երբևէ ԵՄ մտնելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ է ունեցել»

«Հայաստանը երբևէ ԵՄ մտնելու  ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ է ունեցել»
20.03.2015 | 01:35

Այս շաբաթ Ազգային ժողովը «եվրոպականացվել» էր: Եվրանեսթի խորհրդարանական երկօրյա վեհաժողովը Հայաստանը նորից «տարավ» դեպի ԵՄ-ի «եզերքը»: Մինչ եվրոպացի պաշտոնյաները ԵԱՏՄ-ին միանալուց հետո միաբերան հայտարարում էին, թե Հայաստանն այլևս ԵՄ-ի հետ հույսեր չպետք է կապի, Սերժ Սարգսյանը Հայաստանում այդ եվրոպացիների առաջ փաստեց. «Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը: Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը»: ԵԱՏՄ-ԵՄ-Հայաստան եռանկյան մասին մի քանի հարց տվեցի ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ և ԱԺ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ:

«ԽՆԴԻՐԸ ՈՉ ԹԵ ՄԵՐ, ԱՅԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԵՋ Է»

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ


-Հաշվի առնելով «տխուր» փորձը, այս փուլում ԵՄ-ն Հայաստանը կդիտարկի՞ որպես վստահելի գործընկեր:
-ԵԱՏՄ անդամ դառնալը չի հակասել Ասոցացման համաձայնագրի հետ մեր բանակցությունների տրամաբանությանը: ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, և մենք, ելնելով մեր պետական շահերից, անդամակցել ենք այդ միությանը: Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ ընտրություն էր: Խնդիրը ոչ թե մեր, այլ եվրոպացիների մեջ է: Մենք ընդամենը խորացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԵՄ-ում որևէ մեկի համար գաղտնի՞ք է եղել, որ Ռուսաստանը մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը, որ Հայաստանում է ռուսական բազան, որի տեղակայումը քսանհինգ տարով երկարաձգեցինք: Եթե մենք քաղաքական, անվտանգության հարցերում ենք խոր համագործակցում, ինչո՞ւ տնտեսական հարթությունում նույնն անել չենք կարող: Մենք չենք ուզում երկու գործընթացները հակադրել: Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ունենք համատեղ շահեր, ԵԱՏՄ-ին անդամակցելը պարտադիր էր, քանի որ մտնում ենք 200-միլիոնանոց շուկա: Հայաստան-ԵՄ հարաբերություններում հիմնական «մեխը» քաղաքական երկխոսությունն է, բարեփոխումները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, սահմանադրական բարեփոխումները: Այսօր Հայաստանը առաջ է ընթանում այն մոդելով, որն ավելի շատ ընդունված է եվրոպական երկրներում: Մենք չենք գնում ժողովրդավարության ճանապարհով, որ իրենց դուր գանք, չկա այդպիսի բան: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ուզում ենք մեր երկիրը զարգացնել եվրոպացի պատգամավորներին հաճոյանալու համար, թյուրիմացության մեջ է: Մենք ժողովրդավարության ուղին ենք ընտրել, քանի որ համոզված ենք` դա է մեզ պետք:
-Ինչպես նախկինում, այսօր էլ եվրոպացի պաշտոնյաները կարծիք են հայտնում, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում:
-Բայց ո՞վ է խոսում ԵՄ-ում լինելու մասին: Հայաստանը երբևէ ԵՄ մտնելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ է ունեցել: Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց օրոք ոչ իրենք, ոչ արտգործնախարարները, ոչ վարչապետները չեն ասել, թե Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ-ին: Ասոցացումը մի բան է, անդամակցությունը` այլ: Այս իմաստով իրենց ընկալումները հում են եղել: Բայց հիմա ես տեսա բավականին հասուն ընկալումներ: Օրերս չորս եվրոպական երկիր եմ այցելել, բոլորն էլ տեսնում են երկկողմ հարաբերությունների զարգացումը և ԵՄ-ի հետ երկխոսության հնարավորությունը: Սա չպետք է հակադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կա, մնում է ու դեռ շատ երկար ժամանակ լինելու է Հայաստանի դաշնակիցը:
-Ռուսաստանը խանդով չի՞ վերաբերվի ԵՄ-ի հետ ակտիվ բանակցությունների հերթական մեկնարկին:
-Խանդը քաղաքական կատեգորիա չէ: Հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա են, որ դրանց ոչ մի բան չի կարող սպառնալ:

«ԵԱՏՄ-Ն ՉՈՒՆԻ ԱՊԱԳԱ»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

-Հայաստանը բարձր մակարդակով կրկին հաստատեց ԵՄ-ի հետ բանակցությունների ակտիվացման մասին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նորից վերադարձանք նույն «կետին»:
-Նախ` նորություն տեղի չի ունեցել, գործընթաց է, որ շարունակվում է: Մենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու մասին հռչակել ենք դեռ տասնհինգ տարի առաջ` Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով: Փաստաթղթային բազան, որի վրա հիմնվում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ոչ ևս եղավ: Հիմա նոր ձևաչափ պիտի լիներ, դրա համար էին տարիներ շարունակ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններ ընթանում: Ցավոք, ԵԱՏՄ-ի որոշումից հետո գործընթացը կանգ առավ: Բանակցություններն այս պահին էլ շարունակվում են և ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ուղղությամբ: Որոնվում են ուղիներ, թե ինչպես ստորագրել մի համապարփակ տնտեսական համագործակցության պայմանագիր, որը հակասության մեջ չլինի ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների հետ: Այնպես որ, այդ գործընթացը շարունակվում է ու ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն շարունակելու:
-Այս օրերին եվրոպացի պաշտոնյաների հետ Ձեր շփումներից ի՞նչ եզրահանգման եք եկել` ինչպիսի՞ տրամադրվածություն կա Հայաստանի հանդեպ:
-Եվրոպացի մեր գործընկերները սկսել են ավելի պրագմատիկ մտածել: Այն, ինչ կատարվեց ՈՒկրաինայում, ապացուցեց, որ Ռուսաստանը մի երկիր է, որ կարող է ցանկացած քայլի դիմել, այդ թվում` ներխուժել հարևան պետություն և ռազմական լուծումներ տալ: Այսինքն, գիտակցեցին, թե ինչ կարող էր լինել Հայաստանի հետ: Հավանաբար, մեր իշխանություններն էլ փորձում են բացատրել, թե ինչ կլիներ մեր երկրի հետ, եթե այդ որոշումը չկայացնեին: Քանի որ մշտապես վստահ եմ եղել, որ ԵԱՏՄ-ն չունի ապագա, կարծում եմ, նույն գիտակցումը կա նաև իշխանության մոտ: Նախապատրաստում են այն պայմանագիրը, որ ԵԱՏՄ-ի չլինելուց հետո, կխորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ:
-Կարծում եք, Ռիգայում որևէ փաստաթո՞ւղթ կստորագրվի:
-Դրան ձգտում են և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը: Բայց դա միայն մեր որոշելիքը չէ: Դրան պիտի հավանություն տան բոլոր անդամ երկրները: Բայց որ Ռիգայում կհռչակվի նոր փուլի մասին, վստահ եմ: Մեմորանդում, քաղաքական բաղադրյալով պայմանագիր, կարծում եմ, կլինեն:
ԵԱՏՄ մտնելը հո ինքնասպանություն չէ՞, հո ինքնամեկուսացման չե՞նք գնացել: Ապրում ենք աշխարհում և հարաբերություններ ունենք նույն ԵՄ-ին ձգտող Վրաստանի հետ: Հայաստանը միշտ էլ ունեցել է բալանսավորված քաղաքականություն, պարտադրված է առաջնորդվել այդ արտաքին քաղաքական կոնցեպտով: Հնարավոր է, որ դանդաղեցումներ, դադարներ լինեն, բայց ընդհանուր գիծը միշտ էլ պահպանվել է:

Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ